ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է, հայտնում է Քննչական կոմիտեն:
Գերատեսչության տվյալներով՝ ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը 2024թ. փետրվարի 28-ին ՀՀ ԶՈւ դիրքերի մոտակայքում է հայտնվել ադրբեջանական դիրքում զինծառայողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո՝ փախուստի դիմելու և մոլորվելու հետևանքով:
Ելնելով վերոգրյալից՝ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ռուսլան Փենախովի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որը բավարարվել է։
Փետրվարի 28-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՊՆ զինծառայողները վնասազերծել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածից հայ-ադրբեջանական շփման գիծը հատած ադրբեջանական ԶՈւ զինծառայողի։ Ադրբեջանցին զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով։ Փետրվարի 29-ին Քննչական կոմիտեն հայտնել էր ադրբեջանցի զինծառայող Փանախով Ռուսլան Էլդանիզօղլու ձերբակալության մասին ու հայտարարել, որ նա դիվերսիայի փորձ է արել։