Դատարանը ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքը փոխարինել է երկրից չհեռանալու մասին արգելքով։ Նրա նկատմամբ կիրառվել է 5 մլն դրամ գրավ։
Խաչատրյանին կալանավորել էին հունվարի 15-ին՝ Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում տեղի ունեցած միջադեպին մասնակցելու կասկածանքով։ Դեպքի առթիվ քրվարույթ էր հարուցվել Քրեական օրենսգրքի խուլիգանության, ապօրինի կերպով հրազեն կրելու և զենքի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներով։
Դատարանը բավարարել է նաև գործով անցնող Նորայր Ավանեսյանի տնային կալանքը վերացնելու միջնորդությունը։ Նրա նկատմամբ կիրառվել է 1 մլն ՀՀ դրամ գրավ, տնային կալանքը փոխարինվել է երկրից չբացակայելու արգելքով։ Միևնույն ժամանակ՝ դատարանը մերժել է գործով անցնող Աքսեն Սաֆարյանի և Գարիկ Հայրապետյանի նկատմամբ կիրառված բացակայության մասին խափանման միջոցները վերացնելու միջնորդությունները։
Խաչատրյանին պաշտոնանկ էին արել 2020 թվականի հունիսի 15-ին։ 2021 թվականի մարտի 24-ին պաշտոնը վերականգնելու պահանջով նա հայց էր ներկայացրել այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցնող Վաղարշակ Հարությունյանի դեմ։ Վարչական դատարանը, սակայն, մերժել էր հայցը։