ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի հետ կապված միջադեպով ձերբակալվել է 5 անձ՝ այդ թվում Խաչատրյանը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Խաչատրյանից բացի որպես կասկածյալներ ձերբակալվել են Արցախի Հանրապետության քաղաքացիներ 40-ամյա Աքսեն Սաֆարյանը, 50-ամյա Սերգեյ Շամիրյանը, 49-ամյա Գարիկ Հայրապետյանն ու 47-ամյա Նորայր Ավանեսյանը։
Հաղորդվում է, որ նշված անձինք տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։
Հունվարի 12-ին հայտնել էինք, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում հնչած կրակոցների հնարավոր մասնակից է։ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից Armenia Today-ին հայտնել էին, որ դեպքի առթիվ քրվարույթ է հարուցվել ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (խուլիգանությունը, առավելագույն պատիը՝ ազատազրկում՝ 5 տարի ժամկետով), 335-րդ հոդվածի առաջին մասով (ապօրինի կերպով հրազեն, պայթուցիկ նյութ ձեռք բերելը, իրացնելը, կրելը, առավելագույն պատիժը՝ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով):
Ավելի ուշ Տիրան Խաչատրյանի պաշտպաններ Վարազդատ Հարությունյանը և Վաչե Սիմոնյանը հերքել էին մամուլում տարածվող տեղեկությունները, թե, իբր, նա փախել կամ թաքնվել է հունվարի 11-ին Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցված վարույթի քննությունից։