Ավարտվել է Երևանի 27-ամյա բնակչի կողմից մի շարք բնակարանային գողությունների, խարդախության դեպքերի առթիվ նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են Քննչական կոմիտեից։
Մասնավորապես, 2020թ. հունիս-հուլիս ամիսներին հիշյալ երիտասարդը վարձակալելու պատրվակով ապօրինի մուտք է գործել Երևանի տարբեր վարչական շրջաններում գտնվող 9 բնակարան, հափշտակել գումար և այլ իրեր՝ քաղաքացիներին պատճառելով տարբեր չափերի գույքային վնաս: 2021թ. տարբեր ամիսների 27-ամյա երիտասարդը հափշտակել է նաև կայանված 35 ավտոմեքենաների հայելիները:
Գերատեսչության տվյալներով՝ քաղաքացիներին պատճառված վնասի չափը կազմում է ընդհանուր 15.316.000 ՀՀ դրամ: Քննությամբ բացահայտվել են նաև հիշյալ երիտասարդի կողմից կատարված խարդախության դեպքեր: Մասնավորապես, երիտասարդը քաղաքացիներից վերցրել է ընդհանուր խոշոր չափերով՝ 2.002 000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր և 260.000 ՀՀ դրամ արժողությամբ խաղային համակարգիչ և, մոլորության մեջ գցելով նրանց, խարդախությամբ հափշտակել է դրանք՝ պատճառելով ընդհանուր 2.262.000 ՀՀ դրամի վնաս:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել։ Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: