Մոսկվայի մարզում մեկ օրում տեղացել է ամսական տեղումների նորմայի մոտ 84%-ը, հայտնել է «Ֆոբոս» կենտրոնի առաջատար օդերևութաբան Եվգենի Տիշկովեցը։ Մոսկվայում նույնպես անձրևը չի դադարում՝ մեկ օրվա ընթացքում տեղացել է գրեթե 25% ամսական նորմայից, և եղանակային անբարենպաստ պայմանները կշարունակվեն ևս մի քանի օր, գրում է Ведомости-ն:
Հատկապես ուժեղ անձրևներ են գրանցվել Մոժայսկում (54 մմ), Լուխովիցիում (52 մմ), Կոլոմնայում (59 մմ) և մարզի այլ շրջաններում։ Ջրով են լցվել նաև Ռուսաստանի կենտրոնական շրջանները. Լիպեցկի մարզի Ելեց քաղաքում տեղացել է 88 մմ տեղում՝ ամսական նորմայի (69 մմ) փոխարեն։ Ուժեղ անձրևներ են գրանցվել նաև Տամբովի, Ռյազանի, Վոլգոգրադի և Վորոնեժի մարզերի մի շարք քաղաքներում։
Մոսկվայի տարբեր օդերևութաբանական կայանների տվյալներով՝ մայրաքաղաքում մեկ օրվա ընթացքում տեղացել է 9-ից մինչև 21 մմ տեղում։ Առաջիկա օրերին անձրևները կշարունակվեն, իսկ մինչև շաբաթվա վերջ դրանց ծավալը կարող է հասնել ամսական նորմայի 40%-ին։ Ջերմաստիճանը կմնա շուրջ 25 աստիճանի սահմաններում։
Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտը նախազգուշացրել է քաղաքացիներին հնարավոր ուշացումների մասին մակերեսային տրանսպորտի աշխատանքում՝ եղանակային դժվար պայմանների պատճառով։ Ավելի վաղ բնակիչներին զգուշացրել էին «դեղին» մակարդակի վտանգի մասին՝ ուժեղ անձրևների և հնարավոր ջրալցումների պատճառով։
Տեղական իշխանությունները հորդորել են ցուցաբերել զգուշություն ճանապարհներին, խուսափել ցածրադիր և հեղեղման ենթակա վայրերից։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ անձրևները կշարունակվեն ևս մի քանի օր, ուստի կարևոր է պահպանել անվտանգության կանոնները և հետևել եղանակի թարմացված կանխատեսումներին։