ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցների օպերատիվ միջոցառումների շնորհիվ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է, հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ավելի ուշ նա մանրամասներ է ներկայացրել և նշել, որ ահազանգն ստացվել է հուլիսի 13-ին` ժամը 13:18-ին։ Նշված վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության մեծաթիվ ուժեր ու սկսել լայնածավալ որոնողական աշխատանքներ ինչպես տարածքում, այնպես էլ հանգստյան գոտու միջով անցնող ջրանցքում, իսկ փրկարար ծառայության հոգեբանական խումբն աշխատանքներ է իրականացրել երեխայի մոր հետ։
Ոստիկաններն ու փրկարարները՝ կինոլոգիական խմբերի օգնությամբ, պարզել են երեխայի հնարավոր գտնվելու վայրը։ Ժամը 18։38-ի սահմաններում 4-ամյա երեխան հայտնաբերվել է Արարատի մարզի Լանջազատ բնակավայրում՝ գետի ափին։ Երեխայի մարմնի վրա առկա են քերծվածքներ։
Ըստ նախնական տվյալների՝ երեխան խաղալիս մոլորվել է և փորձելով գտնել հարազատներին՝ քայլել է դեպի Լանջազատ բնակավայրի ուղղությամբ։ Առկա քերծվածքները նա ստացել է երկար քայլելու և ճանապարհին ճյուղերին հպվելու հետևանքով։ Երեխան տեղափոխվել է բժշկական կենտրոն, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ավելի վաղ ՆԳՆ խոսնակն Armenia Today-ին հաստատել էր Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան երեխայի կորելու մասին լուրը։