Հայաստանում երեք մարդ է զոհվել հանրապետության տարբեր մարզերում տեղի ունեցած երեք պատահարների հետևանքով։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնել են, որ Արագածոտնի մարզում՝ Ապարանում, բախվել են «ԶԻԼ» բեռնատարն ու Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան։ Բախման հետևանքով հրդեհ է բռնկվել։ Վթարի հետևանքով Mercedes-Benz-ի ուղևորը մահացել է, իսկ մնացած ուղևորները և երկու մեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց։
Գեղարքունիքի մարզում մարտի 9-ի առավոտյան Մարտունի-Վարդենիս ճանապարհին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Վթարի հետևանքով ավտոմեքենայի վարորդը մահացել է, նրա ուղևորները տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնել է Shamshyan.com կայքը, Կոտայքի մարզի Բջնի գյուղում Երևաի բնակիչը Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի ցանկապատին, ապա բախվել ծառին։ Կայքի տեղեկություններով՝ վթարի հետևանքով մահացել է ավտոմեքենայի վարորդի 74-ամյա մայրը։