Հայաստանում երեք մարդ է զոհվել հանրապետության տարբեր մարզերում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային երեք պատահարի հետևանքով, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Արագածոտնի մարզում՝ Ապարանում, բախվել են ԶԻԼ բեռնատարն ու Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան։ Բախման հետևանքով հրդեհ է բռնկվել։ Վթարի հետևանքով Mercedes-Benz-ի ուղևորը մահացել է, իսկ մյուս ուղևորները և երկու մեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց։
Գեղարքունիքի մարզում՝ մարտի 9-ի առավոտյան, Մարտունի-Վարդենիս ճանապարհին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Վթարի հետևանքով ավտոմեքենայի վարորդը մահացել է, նրա ուղևորները տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, Կոտայքի մարզի Բջնի գյուղում Երևանի բնակիչն Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի ցանկապատին, ապա բախվել ծառին։ Կայքի տեղեկություններով՝ վթարի հետևանքով մահացել է ավտոմեքենայի վարորդի 74-ամյա մայրը։