«Հենար» հիմնադրամը Բոստոնի համալսարանի Չոբանյան և Ավետիսյան բժշկության դպրոցի հետ համատեղ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ նշանավորելով ռազմավարական համագործակցության մեկնարկը։ Այն ուղղված է Հայաստանում առողջության առաջնային պահպանման համակարգի բարելավմանը և բժշկության ու առողջապահության ոլորտներում կրթության նորարարական մոդելների ներդրմանը: Հուշագիրն ստորագրվել է հուլիսի 3-ին։
««Հենար»-ի նվիրվածությունն առողջության առաջնային պահպանման և բժշկական կրթության համակարգային փոփոխություններին, ինչպես նաև Բոստոնի համալսարանի ընտանեկան բժշկության բաժանմունքի համաշխարհային առողջապահական համագործակցության փորձն առողջության առաջնային պահպանման ոլորտում թույլ են տալիս հասնել հաջողության այս համագործակցության մեջ»,- ասվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:
«Հենար» հիմնադրամն ստեղծվել է 2021 թվականին՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանում առողջապահական էկոհամակարգի վերափոխմանը։ Հիմնադրամի առաջնահերթ նպատակներն են կայուն զարգացման ծրագրերը և պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացումը: