Հունիսի 1-ին նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Տոնի նպատակն է ուշադրություն հրավիրել երեխաների իրավունքների, բարեկեցության և պաշտպանության վրա։
2023 թվականին, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մանկական աղքատության մակարդակը կազմել է 31,7%։ Այսինքն՝ յուրաքանչյուր երեք երեխայից մեկն ապրում է աղքատության պայմաններում։ Երեխաների խնդիրներից են նաև կրթության, առողջապահական ծառայությունների սահմանափակ հասանելիությունը:
Armenia Today-ի նկարահանող խումբը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ երեխաները պաշտպանվա՞ծ են Հայաստանում, և ի՞նչն է ամենակարևորը ՀՀ-ում երեխայի պաշտպանված լինելու համար:
Հարցվածների մի մասն ասել է, որ երեխաները Հայաստանում պաշտպանված են, թեկուզ խնդիրներ տեսնում են:
«Կարիքները շատ են, շատ կուզենայի, որ մի քիչ ուշադրություն դարձնեն: Վերջերս տարածված լուրերը շատ վատ են անդրադառնում ծնողների, երեխաների վրա»,- ասել է քաղաքացիներից մեկը:
Ոմանք ասել են, որ երեխաների իրավունքները ՀՀ-ում պաշտպանված չեն:
«Չէի ասի՝ ինչ ասես լսում ենք, ինչ ասես՝ տեսնում»,- հավելել է հարցման մեկ այլ մասնակից:
Հարցվածներից մի կին էլ հավելել է, որ մարտահրավերներն այսօր շատ են, ինչն էլ նպաստում է երեխաների ոչ ամբողջությամբ պաշտպանված լինելուն։
Մի մասն էլ, հիշատակելով վերջին դեպքերը, կարծիք է հայտնել, որ դժբախտ պատահարները շատ մտահոգիչ են։
Հարցին՝ ինչի՞ կարիք ունեն երեխաները, մի կին շեշտել է. «Եթե երեխան լինի առողջ, բարենպաստ միջավայրում, և՛ ուսման մեջ հաջողության կհասնի, և՛ սոցիալական կյանքում»:
Մյուսները նշել են, որ երեխաներին անհրաժեշտ է սեր, ուշադրություն և ջերմություն:
«Լավ ապրելու համար ունեն սիրո կարիք»,- հավելել է հարցման մասնակիցներից մյուսը։
Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում