ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024թ. պետական բյուջեի շրջանակում իրականացնում է համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադան, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
«Օլիմպիադայի նպատակն է խրախուսել հայոց լեզվի, գրականության և պատմության իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, օգնել նրանց ճանաչել Հայաստանը և ամուր կապվել հայրենիքին, ինչպես նաև հնարավորություն տալ ծանոթանալու տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ»,- ասված է հաղորդագրությունում:
Օլիմպիադան կանցկացվի Հայաստանում օգոստոսի 15-ից՝ 5 օր տևողությամբ՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաներից:
Բացի հիմնական մրցույթներից՝ կանցկացվեն նաև բազմաթիվ լրացուցիչ մրցույթներ, օրինակ` հայրենասիրական երգի, ասմունքի և այլն: Երիտասարդների համար կկազմակերպվեն ճանաչողական այցեր Հայաստանի տեսարժան վայրեր, հանդիպումներ տարբեր ոլորտների հայտնի գործիչների հետ, ուսուցողական միջոցառումներ (պարի և երգի, ժողովրդական արվեստների ուսուցում և այլն):
Համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադային կարող են մասնակցել սփյուռքի հայկական կրթօջախների 14-18 տարեկան սաները: