Կալանավորված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր հասցեին վիրավորանքի և զրպարտության համար դատական հայցեր է ներկայացրել մի շարք քաղաքական ու հասարակական գործիչների դեմ, որոնց թվում են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգի Datalex.am կայքից։
Գալստանյանը վիրավորանքի և զրպարտության համար դատական հայցեր է ներկայացրել նաև Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանի, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի, քաղաքագետ Հարություն Մկրտչյանի դեմ։
Արքեպիսկոպոսը դատարանից պահանջում է Ավանեսյանից հօգուտ իրեն բռնագանձել 3 մլն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, որից 1 մլն-ը՝ զրպարտության համար, 2 մլն-ը՝ վիրավորանքի համար: Ալեքսանյանից նա պահանջում է բռնագանձել 6 մլն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, որից 3 մլն դրամ՝ զրպարտության համար, 3 մլն-ը՝ վիրավորանքի համար։
Սարգսյանից, Խաչատրյանից և Մկրտչյանից նա պահանջել է բռնագանձել 3 մլն դրամ, որից 1,5 մլն-ը՝ զրպարտության համար, 1,5 մլն-ը՝ վիրավորանքի համար: Սաֆարյանից, որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, նա պահանջել է բռնագանձել 3 մլն դրամ։
Ալեքսանյանն, արձագանքելով Գալստանյանի հայցին ու իրենից պահանջած 6 մլն դրամին, անդրադարձել է «Սրբազան շարժման»՝ հեղաշրջման ահաբեկչության նախապատրաստման փորձի գործին։
«Ուզում եմ հասկանալ՝ մարդկանց կյանքի համար վտանգավոր «աստղիկների՞», տրոլեյբուսի լարերը կտրել-գցելու գործիքների՞, թե՞ կառավարության կայքերը ջարդող խակեռների փողն է քչություն անում»,- նշել է պատգամավորը։
Ավանեսյանն էլ վերահրապարակել է այն գրառումը, որի համար արքպիսկոպոսն իրեն դատի է տվել։
«Հետաքրքիր է` «գյուլլելու» իր անհագ ցանկությո՞ւնն է փոխակերպվել դատական կարգով դժգոհությունը արտահայտելու ձևով, թե՞ всё -таки դատի տալուց հետո գյուլլելու և ահաբեկչական մյուս սցենարները դեռ պտտում է գլխում ու ֆինանսների կարիք կա։ Նորից տեղադրում եմ ՔԿ հրապարակած ձայնագրություններից հետո արված գրառումս և առաջարկում միասնական հայց ներկայացնել ժողովրդին «խորը անասուն» անվանած անձի դեմ»,- գրել է նախարարը։
Իրավապահ մարմինները հունիսի 25-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Գալստանյանին, ինչպես նաև շարժման 14 աջակցի։ Գալստանյանը և «Սրբազան պայքարի» աջակիցները մեղադրվում են պետական հեղաշրջման և ահաբեկչության նախապատրաստության փորձ կազմակերպելու մեջ։ Նրանցից ոչ ոք չի ընդունում մեղադրանքը:
Կարդացեք նաև՝