Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն արձագանքել է իր Թուրքիա այցին զուգահեռ հնչած այն եզրահանգումներին, ըստ որոնց՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը վաճառվելու է թուրքական ընկերության։
Նախարարն ի պատասխան ընդգծել է, որ ՀԷՑ, որն իշխանությունները պետականանցնելու նպատակ ունեն, «դառնալու է Հայաստանի Հանրապետության ու մեր քաղաքացիների սեփականությունը»։
«Լուրջ դեմքով մի խումբ ամեն ինչի «փորձագետ-փորձանքներ» Թուրքիա կատարած իմ աշխատանքային այցից ու Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ հանդիպումից հերթական գիտաֆանտաստիկ եզրակացությունն են արել, թե, իբր, ՀԷՑ-ը վաճառվելու կամ տրվելու է թուրքական ընկերության: ՀԷՑ-ը պետականացվելու է սիրելի «փորձագետ-փորձանքներ»։ Հանգիստ նստե´ք տեղներդ ու շարունակե´ք զգալ պետության համը ձեր բերանում: Ձեր գիտաֆանտաստիկ հերթական զառանցանքը հօդս է ցնդելու` ինչպես նախորդ բոլոր դեպքրում»,- գրել է Խուդաթյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18-ին հայտարարել էր, որ հասունացել է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին պատկանող «ՀԷՑ-ն ազգայնացնելու պահը»:
Ավելի ուշ վարչապետն ԱԺ-ում հայտարարել էր, որ մեկ ամիս առաջ գործադիրում ՀԷՑ-ի հետ կապված հանձնարարել էր կա՛մ քաղաքացիներին վնասի փոխհատուցման ծրագիր, կա՛մ ընկերությունն ազգայնացնելու հարցը դիտարկել, քանի որ մարզերում ՀԷՑ-ի հետ կապված խնդիրներ էր արձանագրել։ Փաշինյանը նաև ՀԷՑ-ի անջատումների մեջ երկրի ներսում հասարակական դժգոհություն հրահրելու նպատակ էր տեսել։
Խուդաթյանը հունիսի 27-ին Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ քննարկել էր Հայաստան-Թուրքիա հնարավոր էներգետիկ համագործակցության ուղիները։
«Տաշիր» ընկերությունների խումբը ՀԷՑ-ի կառավարման պարտականությունն ամբողջությամբ իր վրա էր վերցրել 2015-ին, երբ ընկերությունն «Ինտեր ՌԱՕ»-ի հետ պայմանագիր էր ստորագրել ՀՀ էլեկտրաէներգետիկ ակտիվների առուվաճառքի վերաբերյալ։
Կարդացեք նաև՝
Արտահերթ նիստով պետությունը կստանձնի ՀԷՑ-ի կառավարումը․ Փաշինյան
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր