Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մեկնաբանել է Հայաստանից ՌԴ կոնյակ արտահանողների խնդիրը, որոնց բեռներն արդեն ավելի քան 40 օր է՝ Վրաստանի մաքսային տարածքում են։
Նախարարը նշել է, որ ամենօրյա ռեժիմով ակտիվ քննարումների մեջ է վրացական կողմի հետ, և այս պահին Վրաստան անձամբ այցելելու անհրաժեշտություն չի տեսնում։ Միևնույն ժամանակ, նա տեղեկացրել է, որ կառավարությունը կոնյակագործների համար աջակցության ծրագրեր է մշակում։
«Այդ աջակցության ծրագրերը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին պետք է խաղողի անխափան մթերումներն ապահովեն»,- հավելել է նախարարը։
Նա տեղեկացրել է, որ այսօր կամ վաղը հանդիպում է նախատեսում կոնյակագործների հետ, նաև հավաստիացրել է, որ «կառավարությունը կոնյակ արտահանողներին միայնակ չի թողնի»։
Ավելի ուշ լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ, իր տվյալներով, բեռների մուտքն արգելափակվել է ստանդարտ փորձաքննության պատճառով։
«Անմիջական կապի մեջ ենք Վրաստանի մեր գործընկերների հետ ու պարբերաբար քննարկումներ ենք ունենում։ Փորձում ենք հասկանալ, թե ինչու են նման փորձաքննություններ իրականացվում։ Այս պահի տվյալներով՝ մաքսային ընթացակարգերով նախատեսված ստանդարտ փորձաքննություններ են տեղի ունենում»,- տեղեկացրել է ՊԵԿ նախագահը։
Մայիսի 13-ին և մայիսի 21-ին Հայաստանից կոնյակ արտահանողները բողոքի ակցիաներ էին իրականացրել ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան շենքի առջև՝ պահանջելով լուծում տալ իրենց ապրանքի արտահանման ժամանակ առաջացած խնդիրներին։ Էկոնոմիկայի նախարարը մայիսի 15-ին հայտարարել էր, որ հավանաբար կմեկնի հարևան երկիր՝ խնդիրը տեղում լուծելու նպատակով: