ՀՀ ֆինանսների նախարարության ղեկավար կազմը Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից տրամադրած 80 000 դոլար դրամաշնորհով կվերապատրաստվի, նախագիծը կառավարութունն ընդունել է ապրիլի 17-ի նիստում։
Մասնավորապես, ԵԱԶԲ տեխնիկական աջակցության տրամադրման համաձայնագրով նախատեսվում է իրականացնել Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար կազմի թվով 55 ներկայացուցչի կարողությունների զարգացման համալիր ծրագիր:
«Ծրագրի նպատակն է նպաստել նախարարության մարդկային ռեսուրսների ներուժի, ինչպես նաև հմտությունների զարգացմանը, որոնք կնպաստեն աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Վերոնշյալ որոշման շրջանակներում ԵԱԶԲ-ի միջոցներից տեխնիկական աջակցության դրամաշնորհի տրամադրման մասին ստորագրվել է պայմանագիր՝ 80 000 ԱՄՆ դոլար արժեքով»,- ասված է նախագծում։
Նախագծում նշվում է, որ միաժամանակ ՀՀ ֆինանսների նախարարության և «Հարմոնիա» հիմնադրամի հետ կնքած պայմանագրի շրջանակում ծրագրի համապատասխան վճարումները պատշաճ իրականացնելու համար բյուջեից կտրամադրվի 947 400 դրամ։