Ազգային ժողովը 27 կողմ, 59 դեմ և 1 ձեռնպահ ձայներով մերժեց «Հայաստան» խմբակցության նախագիծը, որով առաջարկվում էր ֆիզիկական անձանց համար չեղարկել եկամուտների համընդհանուր հայտարարագրման պահանջը։
Նախագծին դեմ քվեարկեց ԱԺ մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Քվեակությունից առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նշեց, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման պահանջը ժամանակավրեպ է։
«Հայտարարագրման պահանջը քաղաքացիների համար նոր վարչարարության, անիմաստ պարտավորվածության և տուգանքի հիմք է դառնալու։ Կեղծ են պնդումները, թե համակարգով հնարավոր է լինելու կրճատել ստվերը»,- նշելով, որ մինչև օրս քաղաքացիների ընդամնեը 5%-ն է հայտարարագիր ներկայացրել։
Նա շեշտել է, որ քաղաքացիներին «տուգանքի մատերիալ են դիտարկում, քանի որ հայտարարագիր չներկայացնելու դեպքում նրանց տուգանելու են»։
Հակադարձելով ընդդիմադիր պատգամավորին՝ ՔՊ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն ընդգծեց, որ «եթե մարդկանց տուգանքի մատերիալ դիտարկելու նպատակ ունենային, առաջին խախտման դեպքում բանավոր նախազգուշացում չէին տա, երկրորդի դեպքում՝ 5000 դրամ տուգանք»։
Հայաստանում 2023 թվականին ներդրվել էր եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ 2025 թվականին 2024 թվականի հաշվետու տարվա համար եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն այն նոր խմբերը, որոնք 2024 թվականի ընթացքում համարվել են վարձու աշխատող, ինչպես նաև 2024-ի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են հարկվող եկամուտ։
2024 թվականի համար ֆիզիկական անձինք եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով։ Նախքան հայտարարագիր ներկայացնելը, առաջին հերթին, պարտադիր է իրականացնել անձի նույնականացում և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն: Անձի նույնականացման համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման ID քարտ։
Հունվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները երկարաձգում են եկամտահարկի հայտարարագրի ներկայացման ժամկետը մինչև նոյեմբերի 1-ը։ 2025 թվականի համար հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը մայիսն էր։