Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականին 50 մլն դրամ և ավելի հարկ վճարած ընկերությունների ղեկավարներին աշխատաժողովի է հրավիրել, այդ մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում։
Նա նշել է կառավարություն-ԱԺ-ՏԻՄ-գործարար համայնք համատեղ ձևաչափով աշխատելու և համատեղ որոշումներ կայացնելու անհրաժեշտության մասին։
«Աշխատաժողովին հրավիրում եմ մասնակցել այն ղեկավարներին, ովքեր հետաքրքրված են կիսվել գործարարությամբ զբաղվելու մեր միջավայրն ավելի բարենպաստ դարձնելու իրենց գաղափարներով: Հրավիրում եմ նաև գործարար, այդ թվում՝ ՓՄՁ համայնքը միավորող կազմակերպությունների ղեկավարներին, որպեսզի քննարկման բերեն աշխատաժողովին ուղղակի մասնակցության հնարավորություն չունեցող իրենց անդամներին հուզող հարցերը»,- գրել է Փաշինյանը։
Վարչապետն աշխատաժողովին մասնակցելու հայտերը խնդրել է ուղարկել մինչև փետրվարի 28-ը՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով։ Փաշինյանն ընդգծել է, որ նամակում պետք է առկա խնդիրներին վերաբերող մինչև 3 հարց նշել, որոնցից առավել հիշատակվածներն աշխատաժողովի օրակարգի մաս կդառնան։