ՀՀ քաղաքացիների 31,7%-ը չի պատրաստվում ներկայացնել եկամուտների հայտարարագիր։ Այս մասին են վկայում հունվարի 9-ին համապատասխան որոշման ընդունման շուրջ MPG/Gallup International Association-ի կողմից հունվարի 20-22-ը Հայաստանում 1100 քաղաքացիների շրջանում անցկացված հեռախոսային հարցման տվյալները։
Քաղաքացիների 31,7%-ը հայտնել է, որ չի պատրաստվում ներկայացնել եկամուտների հայտարարագիր։ Նրանցից 18,5%-ը տեղեկացրել է, որ միանշանակ կլրացնի հայտարարագիրը, 19,1%-ը՝ ավելի շուտ կլրացնի։ 18,2%-ը նշել է, որ ամենայն հավանականությամբ՝ կհրաժարվի լրացնել հայտարարագիրը, իսկ 12,5 %-ը դժվարացել է պատասխանել։
Հարցվածների 9,8%-ը միանշանակ գիտի, թե ինչպես լրացնել եկամտահարկի հայտարարագիրը, իսկ 18,9%-ն ավելի շուտ՝ գիտի, 52,9%-ն, ընդհանուր առմամբ, չգիտի՝ ինչպես լրացնել այս փաստաթուղթը, 16,1%-ն ավելի շուտ չգիտի։ Հարցվածների 2,2%-ը դժվարացել է պատասխանել հարցին։
Հայաստանում 2023 թվականին ներդրվել էր եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ 2025 թվականին 2024 թվականի հաշվետու տարվա համար եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն այն նոր խմբերը, որոնք 2024 թվականի ընթացքում համարվել են վարձու աշխատող, ինչպես նաև 2024-ի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են հարկվող եկամուտ։
2024 թվականի համար ֆիզիկական անձինք եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով։ Նախքան հայտարարագիր ներկայացնելն, առաջին հերթին, պարտադիր է իրականացնել անձի նույնականացում և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն: Անձի նույնականացման համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման ID քարտ։
Հանրային հեռուստաընկերության եթերում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, անդրադառնալով ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիների կողմից մինչև մայիսի 1-ը հայտարարագիր ներկայացնելու օրենսդրական պահանջին, հայտարարել էր, որ մինչև 300 հազար դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն։