Իրանը կկրկնապատկի բնական գազի մատակարարումները Հայաստան՝ որպես գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ընդլայնված գործարքի մաս, որը կգործի մինչև 2031 թվականի սկիզբը։ Այս մասին հայտնում է Tasnim-ը՝ հղում անելով Իրանի նավթի փոխնախարար Մաջիդ Չեգենիին։
Նոյեմբերի 1-ին հայկական կողմի հետ էներգետիկայի և գազի ոլորտում համաձայնագրի երկարաձգման մասին հուշագիր ստորագրած Չեգենին ասել է, որ նոր համաձայնագրով Իրանից Հայաստան գազի մատակարարումները կկրկնապատկվեն՝ հասնելով օրական 2 միլիոն խորանարդ մետրի։
«Դրա հիման վրա էլեկտրաէներգիայի փոխանակման ցուցանիշները կփոխվեն գազի արտահանման ծավալների ավելացմանը համապատասխան»,- ասել է Չեգենին։
Ստորագրված հուշագրի համաձայն՝ Իրանը և Հայաստանը պարտավորվում են գազը էլեկտրաէներգիայի հետ փոխանակել մինչև 2023 թվականի մարտը։
Նշվում է նաև, որ իրանական գազի մատակարարումները Հայաստան մեծ չեն Իրաք և Թուրքիա արտահանվող ծավալների համեմատ, որոնք ծանրաբեռնված օրերին կազմում են օրական 70 մլն խմ։
Նոյեմբերի 1-ին Հայաստանն ու Իրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ երկարաձգելու «Գազը էլեկտրաէներգիայի դիմաց» էներգետիկայի և գազի ոլորտում համաձայնագիրը։ Հուշագիրն ստորագրվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում։