ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին:
Նախագիծը ներկայացնող ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հայտնեց, որ քաղաքացիներն իրենց բուքմեյքերական հաշիվները կարող են լիցքավորել 3 եղանակով. առաջինը՝ կանխիկ, երկրորդը՝ անկանխիկ, երրորդը՝ էլեկտրոնային փողի միջոցով:
Նրա խոսքով՝ նախագծով առաջարկում են օրենքի ընդունումից հետո հանել կանխիկ հատվածը: Այսինքն՝ հնարավոր չի լինելու կանխիկ ձևով լիցքավորել բուքմեյքերական հաշիվները: Այնուհետև 6 ամիս հետո հնարավոր չի լինելու նաև էլեկտրոնային դրամապանակներից լիցքավորել բուքմեյքերական հաշիվները։
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ հարցը կարևոր է, քանի որ 2018-2022 թվականների ընթացքում շահումով խաղեր խաղացողների թիվն ավելացել է՝ 18.093-ից դարձել է 44.082։