Բացվել է Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի հյուսիսային՝ Աշտարակից դեպի Գյումրի հատվածը, հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Նշվում է, որ բացումն ազդարարվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած ավտոերթով։
Փաշինյանը թիմակիցների ու աջակիցների հետ ավելի ուշ հասել է Գյումրի, ուր նախատեսվում է իր նախաձեռնությամբ ստեղծված «Վարչաբենդի» համերգը։
Գերատեսչությունից հավելել են, որ Աշտարակից Գյումրի ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը մոտ 84 կմ է։ Ընդհանուր առմամբ՝ Աշտարակից մինչև Գյումրի կառուցվել է 19 տրանսպորտային հանգույց, 10 կամրջային անցում։
Կառուցվել է նաև գյուղտեխնիկայի համար նախատեսված 17 անցում, ինչպես նաև անասնանցումներ, որոնք տեղակայված են ճանապարհի տակ։ Կառուցվել են նաև դաշտամիջյան ճանապարհներ՝ ապահովելով մուտքեր դեպի քաղաքացիների հողամասեր ու տներ։ Տրանսպորտային հանգույցներում նախատեսված է լուսավորության համակարգ։
Ճանապարհին առկա է նաև 2 մ լայնությամբ տեխնիկական կամ անվտանգության գոտի, որը նախատեսված է մեքենաների խափանվելու դեպքում կայանման, ճանապարհի սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպման և այլ նպատակների համար։





































