2025 թվականին Հայաստանի իշխանություններն ավելի քան 814 միլիոն դրամ կհատկացնեն կրոնական կառույցների՝ եկեղեցիների և վանական համալիրների վերականգնման և վերանորոգման համար, ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա ընդգծել է, որ եկեղեցիների վերակառուցման մի քանի ընթացակարգ կա։
«Ունենք իրավիճակ, երբ պետությունը վերկանագնում է հենց պետության սեփականություն հանդիսացող եկեղեցին կամ վանական համալիրը։ Կան իրավիճակներ, երբ պետությունը վերականգնում է վանական համալիր, որը կա՛մ եկեղեցու սեփականությունն է, կա՛մ տրված է եկեղեցուն՝ անհատույց օգտագործման (նման ավելի քան 300 հուշարձան կա-նախարար)։ Այս առումով եկեղեցու հետ համակարգվում և համաձայնեցվում են աշխատանքները։ Ունենք նաև դեպքեր, երբ եկեղեցին է վերականգնում իր տիրապետման ներքո գտնվող հուշարձանները։ Այս պարագայում էլ իրենք նույնպես պարտավոր են նախագծերը ներկայացնել և համաձայնեցնել գիտամեթոդական խորհրդի հետ»,- մանրամասնել է նախարարը։
Նրա խոսքով՝ փաստը, որ որոշ եկեղեցիների շենքեր պատկանում են Հայ առաքելական եկեղեցուն, որևէ կերպ չի կաշկանդում պետությանը վերանորոգման աշխատանքներ իրականացնել։ «Այդ հուշարձաններն օրենսդրությամբ առաջին հերթին պետության հոգածության ներքո են», – հավելել է նա։
Նախարարը թվարկել է այն եկեղեցիների և վանական համալիրների ցանկը, որոնք վերանորոգվել են 2018-2024 թվականներին։ Նրա խոսքով՝ միայն 2018-ին կրոնական կառույցների վերանորոգման և վերականգնման աշխատանքների համար բյուջեից հատկացվել է ավելի քան 100 մլն դրամ։ Անդրեասյանը նաև շեշտել է, որ 2024-ից մեկնարկած աշխատանքներ կան, որոնք դեռ շարունակվում են։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին փոխարինելու կոչերից և հոգևորականների վերաբերյալ գրառումներից առաջ Փաշինյանը մայիսի 29-ին հայկական եկեղեցիները «չուլանոց» էր անվանել։ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ի պատասխան հայտնել էր, որ սրբավայրերի պահպանության առնչությամբ 2019-ից եկեղեցին մի շարք անգամներ դիմել է պետական մարմիններին, բայց արձագանք չի ստացել։
Կարդացեք նաև՝