Հունիսի 6-ին լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, 20-րդ դարի համաշխարհային դասական Արամ Խաչատրյանի 122-րդ տարեդարձը։ Խաչատրյանի աշխատանքներն ընդգրկում են բալետներ, սիմֆոնիաներ, կոնցերտներ, ֆիլմերի երաժշտություններ և այլն։
Առաջին մեծ գործը «Դաշնամուրի կոնցերտն» է (1936), որով նա հայտնի է դարձել ԽՍՀՄ սահմաններից դուրս։ Ժամանակակիցների խոսքերով՝ Խաչատրյանի ոճը բնութագրվում է գունագեղ հարմոնիաներով, թովիչ ռիթմերով, վիրտուոզությամբ, իմպրովիզացիաներով և զգացական մեղեդիներով։
Նա միջազգային ճանաչում ստացել է իր բալետային երաժշտությամբ։ Կոմպոզիտորն իր ստեղծագործությունների մեծ մասը ստեղծել է 10 տարվա ընթացքում՝ 1936-1946 թվականներին՝ նախորդելով և հաջորդելով երկրորդ համաշխարհային պատերազմը։
1956 թվականին «Սպարտակ» բալետի բեմադրությունից հետո Խաչատրյանի անունն ուղղակի թնդաց ամբողջ աշխարհում, իսկ «Գայանե» բալետով նա օտարեկրացիներին լավագույնս մատուցեց հայկական մշակույթը: Ըստ Ջոնաթան ՄաքԿոլլումի և Էնդի Ներսեսյանի՝ Խաչատրյանի երաժշտությունն այս երկու բալետների համար կարող է զգուշորեն դասվել ամբողջ աշխարհում ամենաճանաչված դասական երաժշտությունների շարքին։ Իսկ նրա «Սուսերով պարն» աշխարհում ամենաշատ կատարվող ստեղծագործություններից մեկն է։
«Եթե ես իմանայի որ «Սուսերով պարն» այսպիսի հանրաճանաչություն ձեռք կբերի և արմունկներով հետ կմղի մյուս ստեղծագործություններին, ապա երբեք այն չէի գրի»,- ասել է կոմպոզիտորը։
Խաչատրյանը միշտ շեշտը դրել է իր հայկական արմատների վրա։
«Կարևոր չէ, թե ինչպես կտատանվեմ տարբեր լեզուների միջև, ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ասիացի հայ։ Ուրիշ հայ կոմպոզիտորիների հետ մենք կստիպենք Եվրոպային և աշխարհին լսելու մեր երաժշտությունը։ Եվ երբ նրանք լսում են մեր երաժշտությունը, մարդիկ վստահորեն ասում են. «Պատմե՛ք մեզ այդ ժողովրդի մասին, ցու՛յց տվեք երկիրը, որ այդպիսի արվեստ է ստեղծում»,- նշել է նա։
Հունիսի 6-ին Երևանում մեկնարկել էր Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը, որն այս տարի անցկացվում է «դիրիժորություն» մասնագիտական կարգում։ Մրցույթին այս տարի մասնակցում է նախնական փուլում ժյուրիի կողմից ընտրված 18 դիրիժոր՝ աշխարհի 12 երկրից (Ֆրանսիա, Արգենտինա, Հայաստան, ԱՄՆ, Հարավային Կորեա, Լատվիա, Թայվան, Ավստրալիա, Չինաստան, Կանադա, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա)։ Մրցույթի պարտադիր պահանջներից է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կատարումը։ Հաղթողը հայտնի կդառնա հունիսի 12-ին՝ պարգևատրման արարողության և գալա համերգի ընթացքում։