Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել հայ դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը, ներկայացվել է «Օսկարի» վեց անվանակարգում, հայտնում է մրցանակաբաշխության կայքը։
««Անորան» ներկայացվել է «Օսկարի» վեց անվանակարգում։ Հոգիս այնքան ջերմ է»,- գրել է Թովմասյանը սոցցանցում։
Ֆիլմն առաջադրվել է «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն դերասանուհի» և «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգերում։
«Անորան» 2024 թվականի ամերիկյան ռոմանտիկ կատակերգական-դրամատիկական ֆիլմ է, որը պատմում է Բրուքլինի մերկապարուհի Անորայի և ռուս օլիգարխի որդու՝ Վանյա Զախարովի հարաբերությունների մասին։ Երկրորդ պլանի դերերում հանդես են եկել Յուրա Բորիսովը, Կարագուլյանը, Թովմասյանը և Ալեքսեյ Սերեբրյակովը:
Ֆիլմի պրեմիերան կայացել էր 2024 թվականի մայիսի 21-ին՝ Կաննի 77-րդ կինոփառատոնում, որտեղ արժանացել էր «Ոսկե արմավենու ճյուղին»։ Ֆիլմը, ըստ աղբյուրի, լայն ճանաչում է ձեռք բերել և համաշխարհային տոմսարկղերում հավաքել է 25,5 մլն դոլար՝ 6 միլիոն արտադրական բյուջեով։
Կարագուլյանի և Թովմասյանի մասնակցությամբ ֆիլմը 2024 թվականի դեկտեմբերին ներկայացվել էր «Ոսկե գլոբուս»-ի։