ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ եկեղեցին պիտի վերադարձնեն ժողովրդին, ինչպես պետությունն ու իշխանությունն են վերադարձրել։
«Պետությունը (իշխանությունը) պատկանում է ժողովրդին։ Եկեղեցին պատկանում է ժողովրդին։ Մենք պետությունը (իշխանությունը) վերադարձրել ենք ժողովրդին։ «Եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին»,- գրել է նա։
Մայիսի 29-ին Փաշինյանը հայտարարել էր, թե «հայկական եկեղեցիները չուլանոց, աղբավայր են դարձրել», ինչից հետո նրան քննադատել էին։ Ի պատասխան՝ մայիսի 30-ին մի շարք գրառումներով անդրադարձել էր հոգևորականներին ու նշել, որ պետությունը պետք է մասնակից լինի կաթողիկոսի ընտրություններին։ Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, հոգևորականներին մեղադրել էր այլասերվածության մեջ։
Հունիսի 2-ին Փաշինյանը հայտարարել էր՝ «եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը»։ Ավելի ուշ Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ էր արել կասեցնել «վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը»։