«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ապրիլի 21-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ԱԺ է հրավիրել դռնփակ նիստի՝ տրանսպորտի գնի չվճարման տուգանքի թեմայով քննարկման, սակայն իրական նպատակն ԱՆԻՖ հիմնադրամի և մյուս աղմկահարույց գործերով Ավինյանին հարցեր տալն էր, գրել է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ՔՊ պատգամավորներն Ավինյանին հայտնել են, որ նախագիծն իրենց սրտով չէ, ու դա շատ վատ ազդեցություն կարող է թողնել իրենց վարկանիշի վրա: Ավինյանն, իր հերթին, բացատրել է, որ քաղաքացիները հրաժարվում են վճարել, ինչը մեծ խնդիր է առաջացրել քաղաքապետարանում:
Ավինյանի պատասխանները ՔՊ-ին այդքան էլ չեն գոհացրել, հետևաբար՝ խմբակցության նիստ պետք է անցկացնեն, որպեսզի հասկանան, թե ինչպե՞ս պետք է քվեարկեն տուգանքի այս նախագծին, նշել է թերթը։
Ազգային ժողովի տարածքային կառավարման, գյուղատնտեսության և ՇՄ պահպանության մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել տրանսպորտից առանց վճարման օգտվողներին վարչական պատասխանատվության ենթարկելու՝ տուգանելու նախագծին։
2024 թվականի մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը, որն սկսել էր գործել 2025-ի հունվարի 1-ից և նախատեսում էր տրանսպորտի թանկացում։
2024թ. դեկտեմբերի 20-ին քաղաքապետարանը հետաձգել էր համակարգի ներդրումը մինչև փետրվարի 1-ը։ Հունվարի 19-ին Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանը և «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը երևանցիներին կոչ էին արել բոյկոտել փետրվարի 1-ից մայրաքաղաքում տրանսպորտի սակագինը բարձրացնելու իշխանությունների ծրագրերը և ստորագրահավաքներ նախաձեռնել տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ։
Ավինյանը հունվարի 28-ին հայտարարել էր, որ քաղաքապետարանը որոշել է փետրվարի 1-ից հասարակական տրանսպորտով մեկ ուղևորության համար նոր սակագին սահմանել՝ 150 դրամ։ Ի պատասխան՝ Մարությանը կոչ էր արել փետրվարի 1-ից չդադարեցնել բոյկոտը։
Մարտի 27-ին կառավարությունը հավանություն էր տվել նախագծին, որով Երևանում տրանսպորտային ծառայությունից առանց վճարման օգտվողները կտուգանվեն սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: