Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, գրավոր դիմումով կարող է հետ վերցնել հրաժարականի մասին իր դիմումը, հայտնում է ԱԺ կայքը՝ վկայակոչելով կանոնակարգը։
«Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։ Եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է ԱԺ նախագահը»,- մանրամասնում է կայքը։
Ըստ գերատեսչության՝ արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
Ապրիլի 1-ին Գաբրիելյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին։ Մարտի 30-ին Գյումրիում՝ ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ, Գաբրիելյանի և լրագրողների միջև միջադեպ էր տեղի ունեցել, Գաբրիելյանը նաև հայհոյանք էր հնչեցրել։ Պատասխանելով լրագրողների հարցին, թե այդ ամենից հետո չի՞ պատրաստվում մանդատը վայր դնել, նա նշել էր, որ «2026-ին իշխանությունը փոխվելու է, և մանդատը վայր դնելու կարիք չի տեսնում»։