Տեղական ինքնակառավարման մարմինների մարտի 30-ի արտահերթ ընտրությունների շրջանակներում թիվ 14 և 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ընտրական տեղամասերում ձայների վերահաշվարկի մասին դիմումներ չեն ստացվել, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Գերատեսչության տվյալներով՝ վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում համապատասխան սուբյեկտները կարող էին ներկայացնել 2025 թվականի մարտի 31-ին՝ ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն, կամ 2025 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 9.00-ից մինչև ժամը 11.00-ն, սակայն դիմումներ չեն ներկայացվել։
«Ղեկավարվելով «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով և հիմք ընդունելով թիվ 14 և 31 ԸԸՀ-ներում անցկացված վիճակահանության արդյունքները, ինչպես նաև թիվ 31 ԸԸՀ-ի 2025 թվականի ապրիլի 1-ի N 16-Ա որոշումը՝ սեփական նախաձեռնությամբ մի շարք ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին, վերահաշվարկվելու են ընդհանուր թվով 10 ընտրական տեղամասերի արդյունքները»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ թիվ 14 ԸԸՀ-ը վերահաշվարկ է իրականացնելու թիվ 14/10, 14/01 և 14/11 թվով 3 ընտրական տեղամասերում, իսկ թիվ 31 ԸԸՀ-ը՝ թիվ 31/78, 31/22, 31/66, ինչպես նաև 31/67, 31/70, 31/50, 31/41 թվով 7 ընտրական տեղամասերում։ Վերահաշվարկի աշխատանքները մեկնարկելու են 2025 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 14:00-ին, թիվ 14 և 31 ԸԸՀ-ների նստավայրերում։
Գյումրիում 82 ընտրական տեղամասի արդյունքներով՝ ՔՊ-ն և ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը հավաքել են 17 183 ձայն։ Երկրորդ տեղում «Հայաստանի կոմունիստական կուսակցության» թեկնածու, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է՝ 9727 ձայնով։ Երրորդ տեղում «Մեր քաղաքը» դաշինքն է և նրա թեկնածու Գրիգորյանը՝ 7380 ձայնով, չորրորդում՝ Ռուբեն Մխիթարյանն ու «Իմ հզոր համայնքը»՝ 3734 ձայնով։ Առաջատարների հնգյակը 2902 ձայնով եզրափակում է «Մայր Հայաստան» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը։
Փարաքարում ձայների հաշվարկի արդյունքներով՝ առաջատար են «Միասնություն» կուսակցությունների դաշինքը և նրա քաղաքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը՝ հավաքելով 6508 ձայն։ Երկրորդ տեղում ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանն է՝ 3669 ձայնով։ «Ազգային առաջընթաց» և «Կայունություն» կուսակցություններն ստացել են համապատասխանաբար 900 և 426 ձայն։