Առաջիկա օրերին ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մեղադրանք կառաջադրի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) հիմնադրամում չարաշահումների գործով, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով ուժային կառույցներին մոտ կանգնած աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ խոսքը «25 մլրդ դրամ փոշիացնելու» գործի մասին է։
«Ավինյանն, իր հերթին, նեղ շրջապատում անկեղծացել է իր պլանների մասին՝ ասելով, որ եթե իր վրա բարդվի ամբողջ մեղքը, ապա այդ գործով ստիպված կլինի տալ բոլորի անունները` սկսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանից»,- ասված է հրապարակման մեջ։
Ավինյանը 2019-2023 թվականներին ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր։ ԱՆԻՖ-ում չարաշահումների, իր կողմից պարտականությունները չկատարելու մեղադրանքներին անդրադառնալով՝ 2024-ի հուլիսին Ավինյանը հերքել էր դրանք՝ նշելով, որ ԱՆԻՖ-ը ճիշտ է կատարել առաջադրված խնդիրները։ Նա այդպես էր մեկնաբանել Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունը՝ կապված «հիմնադրամում տեղի ունեցած չարաշահումների, Ավինյանի կողմից հաշվետվություններ չներկայացնելու հետ»։
2024-ի օգոստոսի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտարարել էր, որ իր հանձնարարությամբ ԱՆԻՖ-ում տեղի ունեցած ձախողումների հարցով ուսումնասիրություն է սկսվել, և այդ փաստի առթիվ հարուցված քրեական գործ կա։ Air Arabia ավիաընկերության և ԱՆԻՖ կողմից էր հիմնադրվել Fly Arna ավիաընկերությունը, որն այլևս չի գործում։ ԶԼՄ-ներն «ընկերության ձախողումը կապել էին նաև Ավինյանի հետ, քանի որ նա միջնորդ էր հանդիսացել, որ ընկերությունը թռիչքներ իրականացնի Հայաստանում»: 2024-ի հուլիսին միջազգային ԶԼՄ-ները գրել էին, որ Air Arabia-ն Fly Arna ավիաընկերության առնչությամբ Հայաստանի դեմ հայց կներկայացնի։