Մարտի 30-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ընտրական իրավախախտում կատարելու կասկածով Գյումրիում ձերբակալվել է չորս քաղաքացի, որոնցից երեքը 70-անց, 80-անց ու 90-անց կանայք են, սակայն մինչև 22:20-ն իրավապահները թույլ չեն տվել փաստաբաններին այցելելու նրանց, հայտնել է Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը։
Գյումրիում և Փարաքար համայնքում մարտի 30-ին ավագանու արտահերթ ընտրություններ են։ Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր ավագանու թեկնածուի և այլ անձանց ձերբակալության մասին։ Փաստաբան Արսեն Բաբայանը գրել էր, որ ձերբակալվածների թվում է «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանը։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը որոշել է ստանձնել ձերբակալված 80-անց տարեց կանանց պաշտպանությունը, ովքեր 15:00-ի սահմաններում ձերբակալվել են՝ «հօգուտ ընդդիմադիր թեկնածուներից մեկի ընտրախախտում անելու» կասկածով։ ՆԳՆ-ն Գյումրու և Փարաքարի ընտրությունների վերաբերյալ նախաքննական մարմին 6 հաղորդում է ուղարկել։
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ, կա քաղաքապետի 9 թեկնածու։ Նրանք են՝ ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության անկուսակցական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքից Լևոն Բարսեղյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ Սարիկ Մինասյանը, «Դեմոկարտական այլընտրանք» կուսակցությունից՝ Արտյոմ Ղարաղազարյանը, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունից՝ Արտյոմ Թումանյանը և «Ապրելու երկիր» կուսակցությունից՝ Կարեն Մալխասյանը։ Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը, «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը՝ Վոլոդյա Գրիգորյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածուն Դավիթ Մինասյանն է, իսկ «Կայունություն» կուսակցության թեկնածուն՝ Գոռ Սարիբեկյանը:
Փարաքարի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը, «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը՝ Վոլոդյա Գրիգորյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածուն Դավիթ Մինասյանն է, իսկ «Կայունություն» կուսակցության թեկնածուն՝ Գոռ Սարիբեկյանը: