Այսօր Ամենայն հայոց բանաստեղծ, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի 156-ամյակն է։
Նա ծնվել է 1869թ. փետրվարի 19-ին, սկզբնական կրթությունն ստացել է հայրենի գյուղ Դսեղում, ապա Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան): 1883թ.-ից բնակվել է Թիֆլիսում: Մինչև 1887թ. սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1893թ.-ից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվել գրական և հասարակական գործունեությամբ:
Ամեն բան, ինչ որ զուրկ է պոեզիայից, արժանի է ջնջվելու, ինչպես այն օրերը, որ միայն տրտունջ են հարուցում:
Նա գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ, հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ:
Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուր է համարել բանահյուսությունը: Այս սկզբունք ստեղծել «Սասունցի Դավիթ», «Թմկաբերդի առումը» պոեմները, «Ախթամար», «Փարվանա» բալլադները: Իսկ «Հառաչանք», «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և «Անուշ» պոեմներում պատկերել է հայ նահապետական գյուղը:
Երջանկության հասնելու համար հարկավոր է կամենալ, ցանկություն ունենալ, կամք պիտի լինի դրա համար:
Թումանյանը 1905-1906թթ. հաշտարար դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է: 1899թ. նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ:
Երևանում գործում է Թումանյանի թանգարանը, Դսեղում՝ տուն-թանգարանը: Ինչպես նաև Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ամաղլեբա փողոցի թիվ 18 հասցեում գտնվում է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնը։
Գեղեցկություն, բարություն, ճշմարտություն,-սրանք են կյանքում հիմնականը:
Այժմ էլ Թումանյանը շարունակաբար «ստեղծում է» իր հեքիաթն ու իրականությունը բոլոր սերունդների համար՝ ցուցանելով բարոյական, հոգեղեն, մտավոր, խոսքի ու բանի կարևորությունն ու ճանապարհը:
Հենց գրողը ծննդյան օրն է Հայաստանում նշվում Գիրք նվիրելու օրը։ Տոնի պատվին ընթերցողները հնարավորություն ունեն մասնակցելու գրքի փառատոններին, շնորհանդեսներին, տոնավաճառներին, հանդիպել իրենց սիրելի հեղինակների հետ և գնել գրքեր հատուկ առաջարկներով:
Ժամանակի ձայնը պետք է լսել, ուշադիր լինել, օգտվել, արթուն լինել միշտ։
Այսօր Երևանի թանգարաններում և գրադարաններում բազմաթիվ ցուցահանդեսներ կբացվեն և կրթական միջոցառումներ կանցկացվեն։
Այսօր «Գաղտնի Թումանյան» գիրքն ամենից սպասված նվերն է։ Ամենագրքային իրադարձությանն ընդառաջ Թումանյանի թանգարանը միացել է Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանում տեղի ունեցող գրքատոն-խաղին, որի ընթացքում վիճակահանությամբ թանգարանի աշխատակիցներից յուրաքանչյուրն իր «թոռնիկին» է ընտրում և վերջինիս համար համապատասխան նվեր-գիրք պատրաստում։
Թումանյանի թանգարանի այս տարվա խորագիրը՝ «Կյանքը գրքերեն», խտացումն է բանաստեղծի մտքի՝ «Մարդը գիրքն ու կյանքը իրար գցել պետք է իմանա»։ Գրքային արշավի սկիզբը կնշանավորվի «Անանուն» ձեռագիր գրքի ստեղծմամբ: Այն լինելու է ժողովրդական հավաքական ստեղծագործություն՝ գրված թանգարանի այցելուների ձեռքով՝ 15։30-ին։ Թումանյանի իսկ խոսքերով՝ «Ամենամեծ ստեղծագործողն ինքը ժողովուրդն է», և «Անանունը» դառնալու է ժողովրդի ստեղծարար ներուժի վկայությունը։
Աբովյան 51/1 հասցեում 15։00-ին կնոջ թումանյանական ընկալման մասին բանախոսելու և բանավիճելու են բ.գ.թ., գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը և բ.գ.թ., գրականագետ Հայկ Համբարձումյանը։
Նույն հասցեում 16։00-ին տեղի կունենա Նվարդ Թումանյանի «Նամականի» գրքի շնորհանդեսը։ Գրքում ներկայացվում է Թումանյանի դստեր նամակագրությունը ժամանակի գիտության և մշակույթի նշանավոր գործիչների հետ։
Վարդգես Պետրոսյանի անվան Արագածոտնի մարզային գրադարանում տեղի կունենա «Իմ գաղտնի գրքասերը» խաղ-միջոցառում Թումանյանի «Սուտասանը» հեքիաթը ստվերային թատրոնի միջոցով, գրքափոխանակություն՝ երեխաների մասնակցությամբ, «Գիրքը լավագույն նվեր»՝ զրույց-քննարկում կարդացած վերջին գրքի շուրջ, «Գուշակիր գիրքը» խաղ և գրքափոխանակություն մասնակիցների միջև։
Երվանդ Քոչարի թանգարանի յուրաքանչյուր այցելու կմասնակցի խաղարկության և որպես նվեր կստանա Քոչարի գեղանկարչական, քանդակագործական կամ գրաֆիկական աշխատանքների վերարտադրությունները։
Ժամը 13:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա թանգարանի վերջերս հրատարակված գրքերի շնորհանդեսը։
Ժամը 14:00-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա ինտերակտիվ միջոցառում։ Թանգարանը նաև Իսահակյանի գրքով սելֆիի մրցույթ է անցկացնում մինչև փետրվարի 19-ը ներառյալ, թանգարանը հաղթողին լուսանկարելու է գրողի գրասենյակում։
Կոմիտասի թանգարանում ժամը 17:00-ին տեղի կունենա «Նանի, բալա» կրթական ծրագիր ապագա ծնողների համար, իսկ 17:30-ին՝ «Օրորոցի երգեր» գրքի շնորհանդես:
Հայաստանի ազգային պատկերասրահը ժամը 11:00-17:00-ն յուրաքանչյուր այցելուի կնվիրի մեկական գիրք։ Թանգարանում կանցկացվի նաև «Գրքի արվեստ» ինտերակտիվ կրթական ծրագիր, որտեղ մասնակիցներին կպատմվի գրքի ստեղծման պատմությունը և կներկայացվի գրքի գրաֆիկայի հայ վարպետներին: Ծրագիրը կեզրափակվի նվերներով ուսումնական վիկտորինայով։
Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանում տեղի կունենա հանդիպում արձակագիր, հայ ժամանակակից գրող, «Ընկնող աստղերի հովիտը» գրքի հեղինակ Աննա Առաքելյանի հետ:
Լոռու մարզային գրադարան տեղի կունենա «Գրքերի հնչյունները Վանաձորում», «Այսօր ես Թումանյանն եմ», «Գրքի նվիրատվություն պետական կառույցներին» միջոցառումները։
Կոտայքի մարզային գրադարանում կցուցադրվի «Թումանյանի մասին անիմացիոն ֆիլմի դիտում, ապա տեղի կունենա քննարկում։
Սյունիքի մարզային գրադարանում 15:00-ին կմեկնարկի «Հայի խինդն ու վիշտը արտահայտող մեծն հանճարը» թեմայով քննարկում, ապա «Լավագույն նվերը՝ գիրքը» միջոցառում։
Վայոց ձորի մարզային գրադարանում «Նվիրիր գիրք ու սեր» առցանց տեսանյութ կներկայացվի մարզային գրադարանի գրադարանավարների կողմից, ապա տեղի կունենա տիկնիկային ներկայացում՝ «Գիրք նվիրելու գաղտնիքը»։