ԱՄՆ պատվիրակությունը մեկնել է Սաուդյան Արաբիա՝ ՌԴ ներկայացուցիչների հետ բանակցությունների նպատակով, դրական առաջընթացի հույս կա, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը։
«Նախագահի հանձնարարությամբ՝ հանդիպումներ են լինելու, հույս ունենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի կոնտեքստում զգալի առաջընթաց կունենանք», – ասել է Ուիտկոֆը։
Նա հայտարարել է, որ համաձայն չէ այն թեզին, թե Ուկրաինան չի հանդիսանում բանակցությունների կողմ, չնայած նրան, որ Ուկրաինայի ներկայացուցիչներ ներկա չեն լինելու հանդիպումներին։
«Իմ կարծիքով՝ Ուկրաինան հանդիսանում է բանակցությունների կողմ»,- ասել է նա հիշեցնելով, որ ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփը զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։
Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։ Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց էին ունեցել փետրվարի 12-ին։ Զրույցից հետո Թրամփը հայտնել էր, որ Պուտինի հետ պայմանավորվել է բանակցային գործընթաց սկսել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։