Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հերքել է տեղեկությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու դիմում է ներկայացրել։
«Ես որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ կուսակցության հայտ չեմ ներկայացրել։ Շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ես քրիստոնյա հայ եմ, իմ կուսակցությունն իմ հայրենիքն է, իմ առաքելությունը՝ հայի դարավոր թշնամուն պատժելը, պահի հրամայականը՝ մեր հայրենիքի պաշտպանությունը»,- գրել է Առուշանյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Առուշանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու դիմում է ներկայացրել»։
Առուշանյանը 2022-ին անցել է ընտրակեղծիքների գործով։ Ըստ մեղադրանքի՝ 2021-ի խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարն զբաղեցնող Առուշանյանը դաշինքի օգտին առավելագույն ձայներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով՝ երկու և ավելի ընտրողի կաշառք էր տվել: 2022-ի մարտին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռել էր արդարացնել Առուշանյանին և ազատել կալանքից։