Միջազգային կառույցներում Արցախի հարցը պատշաճ բարձրացված չէ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դիմադրություն» շարժման առաջնորդ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքով՝ իր Եվրոպական այցելությունից հետո տպավորությունն այնպիսին է, որ ՀՀ ԱԳՆ-ը պատշաճ չի ներկայացնում ՀՀ-ի, Արցախի և առհասարակ՝ հայ ժողովրդի շահերը։ Նա նշեց, որ ՀՀ իշխանությունների պնդումը, թե կա Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման միջազգային հրամայական, չի համապատասխանում իրականությանը։
Խոսելով «Դիմադրություն» շարժման անելիքների մասին՝ Սաղաթելյանը տեղեկացրեց, որ ՀՀ գրեթե բոլոր մարզերում շարժումը ձևավորել է շարժման խորհուրդները։ Նա ասաց, որ կատարում են հսկայածավալ աշխատանք, որը հանրության համար տեսանելի չէ։
«Մենք այդ խորհուրդները ձևավորել ենք, որպեսզի շարժումը տեղափոխվի մարզեր ու ներգրավի մարզային բնակչությունը։ Մենք ներգրավում ենք բազմաթիվ անհատների, կարող ուժերի՝ անկախ կուսակցական պատկանելությունից։ Բացի այդ, ստեղծել ենք 8 կոմիտե՝ հանձնախումբ»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ ինչ-որ մի փուլում այդ մարմինների գործունեությունը հանրությանը տեսանելի կլինի։