Մահացած զինծառայող Արթուրի Աջամյանի հարազատները, ովքեր այսօր՝ դեկտեմբերի 4-ին, բողոքի ակցիա էին իրականացնում ԱԺ–ի շենքի մոտ, որոշեցին դադարեցնել բողոքի ակցիան` հայտարարելով, որ հավատում են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։
«Ես զրուցել եմ քննչական կոմիտեի ղեկավարության, ընտանիքի փաստաբանի հետ։ Ես հայտարարեցի, որ պաշտպանության հանձնաժողովը, հանձինս ինձ, ներգրավվում ենք այդ գործընթացի մեջ, որ ամեն ինչ լինի պատշաճ մակարդակի», ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ամեն ինչ կարվի արդարության սկզբունքերը պահելու շրջանակներում և մահվան բոլոր հանգամանքները կբացահայտվեն։
ԱԺ պատգամավորը նաև վստահեցրեց, որ հետագա բոլոր զարգացումներին լրատվամիջոցները տեղյակ կլինեն։
«Այս դեպքի հետ կապված որևէ մութ էջ չի մնալու։ Պարզվում է, որ այդ զորամասի հետ լուրջ անելիքներ ու վերլուծություններ անելու կարիք կա։ Ավելին ասեմ` չբացահայտված որևէ դեպք չի մնալու», – ասաց Քոչարյանը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող՝ 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը, վիրավորվել էր։
Արթուր Աջամյանի հարազատներն այսօր հավաքվել էին ԱԺ–ի դիմաց և պնդում էին, որ իրենց որդուն, որպես ինքնասպանի, չպիտակավորեն։ Նրանց խոսքով` եթե կա երկրորդ վիրավոր, ինքնասպանություն լինել չի կարող։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին Մարսելի Ֆարոյի պալատը զարդարվել է ՀՀ դրոշի գույներով
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Մարսելի Ֆարոյի պալատն ապրիլի 23-ին զարդարվել է հայկական եռագույնի գույներով, հայտնում է քաղաքապետարանը։ «Ի հիշատակ...