ՀՀ պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում 2-րդ անգամ հերքել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին Բաքվի տարածած հաղորդագրությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ էր բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տուն։
Ադրբեջանը մարտի 16-ից պարբերաբար հայտնում է Հայաստանի հետ սահմանին իր դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին, որոնք ՀՀ ՊՆ-ն հերքում է։
Մարտի 18-ին վարչապետի աշխատակազմը հայտարարել էր, որ Ադրբեջանը հայկական կողմին չի փոխանցել հրադադարի խախտման ապացույցներ և շեշտել, որ ՀՀ բանակը հրադադարի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել էր վարչապետի աշխատակազմի հայտարարությունը և կրկնել Հայաստանի կողմից կրակոցների մասին կեղծ պնդումները։
Մարտի 25-ին ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել ու նշել, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։