ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հնդկաստան կատարած այցի ընթացքում հնդիկ գործընկեր Ռաջնաթ Սինգհի հետ քննարկել է պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնման հնարավորությունը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։
X-ում կատարած գրառման մեջ Սինգհը հանդիպումն արդյունավետ է անվանել: Նրա խոսքով՝ քննարկել են պաշտպանական ոլորտում ձեռք բերված զգալի առաջընթացը և պայմանավորվել են ավելի խորացնել համագործակցությունը։
Պապիկյանը մասնակցել է նաև Aero India ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող Պաշտպանության նախարարների՝ «Կառուցել դիմադրողականությունը միջազգային պաշտպանության և գլոբալ ներգրավման միջոցով» թեմայով կոնկլավին և հանդես եկել ելույթով։
2024-ի փետրվարի 2-ին Պապիկյանը Հնդկաստանին և Ֆրանսիային զենքի մատակարարման ոլորտում Հայաստանի հիմնական գործընկերներից էր համարել։ Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2024-2025թթ․ ֆինանսական տարվա սկզբին Հնդկաստանից Հայաստան սպառազինության ընդհանուր ներմուծումը հասել էր 600 միլիոն դոլարի։ Փետրվարի 3-ին Հնդկաստանի ՊՆ-ն ՀՀ-ն անվանել էր պաշտպանական արտադրանքի արտահանման հիմնական ուղղություններից մեկը։