Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն «Արմենպրես»-ին հերքել է տարածվող լուրերը, թե ծաղիկ արտահանող տնտեսվարողներն այլ երկրներից ծաղիկներ են ներմուծում Հայաստան ու դրանք վերաարտահանում Ռուսաստան։
Ըստ նախարարության՝ դրսից ներմուծվող ծաղկի քանակները չնչին են Հայաստանից Ռուսաստան արտահանվող քանակի նկատմամբ, իսկ դրսից ներմուծվում են հիմնականում սածիլներ։
Մեկնաբանելով կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի ընթացքում ծաղկավաճառներից մեկին, թե իրենք Հոլանդիայից են ներմուծում, նախարարությունից նշել են, որ խոսքը ներկրված սածիլների մասին է։
«Ներկրված սածիլներից Հայաստանում արտադրվում են ծաղիկներ, և արդեն ծաղկի տեսքով արտադրանքն արտահանվում է։ Որպես վառ ապացույց՝ նշենք մեկ թվային տվյալ․ միայն 2025 թվականի հունվարի 1-ից մինչև հուլիսի 20-ը ՀՀ-ից ՌԴ է արտահանվել ավելի քան 38 միլիոն հատ ծաղիկ, իսկ տարբեր երկրներից ներմուծված կտրված ծաղիկների թիվը կազմում է մոտ 300 հազար հատ»,- մանրամասնել են նախարարությունից։
«Ռոսսելխոզնադզոր»-ը հունիսի 3-ին հայտնել էր, որ Հայաստանից մատակարարվող ծաղիկների մեջ ավելի հաճախ են հայտնաբերում «ԵԱՏՄ երկրների համար վտանգավոր» արտադրանք, որը ենթակա է կարանտինային վերահսկման։ ՌԴ-ի կիրառած սահմանափակումները դժգոհություն էին առաջացրել ծաղիկների արտահանմամբ զբաղվող տնտեսվարողների մոտ, որոնք հուլիսի 9-ին և հուլիսի 14-ին բողոքի ակցիաներ էին անցկացրել՝ պահանջելով խնդրին լուծում տալ։ Ծաղկեգործներից մեկը նաև հայտարարել էր, որ հայկականի անվան տակ թուրքական ու պարսական ծագման ծաղիկներ են արտահանվել ՌԴ։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գրասենյակում հուլիսի 15-ին տեղի էր ունեցել փակ հանդիպում դեպի Ռուսաստան հայկական ծաղիկներ արտահանողների հետ։