Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդները՝ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Սի Ծինպինը, կարող են հանդիպել Չինաստանում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի տոնակատարության ժամանակ, գրում է The Times-ը։
Չինաստանն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է պատերազմի ավարտի տարեդարձը նշել սեպտեմբերին՝ Տյանանմեն հրապարակում շքերթով:
Պարբերականի տեղեկություններով՝ եթե Թրամփը որոշի Չինաստան այցելել այդ օրը, ապա «աշխարհին հզոր դրական ազդանշան կուղարկի»։
«Միասին կանգնած չինացի, ռուս և ամերիկացի առաջնորդների կերպարները կարող են խաղաղության և կայունության հզոր ուղերձ դառնալ»,- մեջբերում է թերթը չինացի քաղաքագետ Ցզին Ցանչունի խոսքերը:
Ընդ որում՝ պարբերականը հնարավոր է համարում, որ ԱՄՆ նախագահը կարող է հրաժարվել այցից։ Ըստ թերթի՝ Թրամփը, ամենայն հավանականությամբ, կցանկանա հանդիպել նրանց հետ ԱՄՆ տարածքում, քանի որ չի ցանկանում «լինել երեկույթի երեք ընկերներից մեկը»:
Կրեմլն արդեն հայտարարել էր Պուտինի՝ Չինաստան այցի մասին։