Ի աջակցություն «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի տեղի ունեցած հավաքի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին իբր սպանության սպառնալիք հնչեցրած 72-ամյա ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Ռաֆայել Սարգսյանը քննիչի կողմից ձերբակալվել է, հայտնել է փաստաբան Արմեն Անդրիկյանը։
Նա մանրամասնել է, որ միջնորդություն էր ներկայացվել դատարան Սարգսյանի նկատմամբ վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները կիրառելու համար։ Միջնորդությունները դատարանի կողմից ամբողջությամբ մերժվել են։ Փաստաբանն ահազանգել է քրեական գործով շարունակվող ապօրինությունների մասին։
«Ձերբակալման ժամանակ քննիչն անօրինական կերպով առգրավել է Ռաֆայել Սարգսյանի բանկային քարտերն ու կանխիկ գումարը (մեղադրանքի հետ որևէ կապ չունեցող), որը մինչ օրս փաստացի չի վերադարձվել` զրկելով վերջինիս ապրուստի միջոցներից»,- նշել է Անդրիկյանը։
Նա հավելել է, որ խնդրի մասին տեղեկացվել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում: Հուլիսի 4-ին դատարանն անփոփոխ էր թողել Կարապետյանին կալանավորելու որոշումը։
Հուլիսի 4-ին ի աջակցություն Կարապետյանի տեղի ունեցած հանրահավաքին գործարարը փաստաբանների միջոցով կալանավայրից ուղերձ էր հղել՝ կոչ անելով միավորվել նոր քաղաքական ուժի շուրջ: Հուլիսի 14-ին գործարարը տեղեկացրել էր, որ քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է։
Կարդացեք նաև՝