Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմից հայտարարել են, որ տեղյակ չեն «Զանգեզուրի միջանցքը» կառավարելու ԱՄՆ մտադրության մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք տեղյակ չենք դրա մասին, ուստի ոչինչ չենք կարող մեկնաբանել»,- կայքի հաղորդմամբ՝ փոխանցել են Էրդողանի վարչակազմից։
Հուլիսի 14-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջարկել է 100 տարի ժամկետով վերահսկողության տակ վերցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված տրանսպորտային միջանցքը։ Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ «Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը»։
Հայաստանի կառավարությունը պաշտոնապես դեմ է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, այսպես կոչված, «միջանցքային տրամաբանությանը» և պնդում է, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղի տրամադրելու դեպքում պետք է լիովին պահպանվեն ՀՀ ինքնիշխանության և իր տարածքի ու ենթակառուցվածքների նկատմամբ իրավասության սկզբունքները: