«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 18-ի որոշումը, որով ընկերությունը տուգանվել էր 10 մլն դրամով, տեղեկանում ենք Datalex.am-ից։
Հայցը դատարան մուտքագրվել է հուլիսի 9-ին և դեռ վարույթ չի ընդունվել։
ՀԾԿՀ-ն հունիսի 18-ին 10 մլն դրամով տուգանել էր ՀԷՑ-ին՝ արձանագրված խախտումների համար։ Ըստ հանձնաժողովի տվյալների՝ արձանագրվել են մի շարք թերություններ՝ հաշվիչների և դրանց արկղերի տեխնիկական վիճակի, հաշվառման ճշգրտության և սպառողների իրավունքների խախտման հետ կապված։ ՀՀ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը նաև մերժել էր ընկերության ներկայացրած 2018-2034 թվականների ներդրումային ծրագրի 2025 թվականի մասով փոփոխությունները։
Հայաստանի խորհրդարանը հուլիսի 3-ին ընդունել էր մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող ՀԷՑ-ը պետության վերահսկողության տակ վերցնելուն։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել էր ընկերության պետականացմանը, ըստ էության, միտված օրենքները։
Քննչական կոմիտեն հուլիսի 4-ին Armenia Today-ին տեղեկացրել էր, որ ընկերության գրասենյակում կատարված խուզարկություններից հետո հարուցված գործի շրջանակում 4 անձ է կալանավորվել։ Հուլիսի 8-ին իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել ՀԷՑ-ում և ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը։
Կարդացեք նաև՝