ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կուալա Լումպուրում կայացած հանդիպման ընթացքում մանրամասն քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորումը, ինչպես նաև Իրանի և Սիրիայի շուրջ իրավիճակը, հաղորում է Ռուսաստանի արտգործնախարարությունը:
«Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ թվում՝ հուլիսի 3-ի հեռախոսազրույցի համատեքստում տեղի է ունեցել լայնածավալ քննարկում՝ երկկողմ օրակարգի բոլոր հարցերի և միջազգային իրավիճակի շուրջ։ Կայացել է խորքային և անկեղծ կարծիքների փոխանակում Ուկրաինայի հարցի կարգավորման, ինչպես նաև Իրանի, Սիրիայի և մի շարք այլ միջազգային խնդիրների վերաբերյալ»,- նշել է ԱԳՆ-ն։
Լավրովը և Ռուբիոն կարևորել են երկկողմ դիվանագիտական առաքելությունների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատանքի շարունակությունը։
«Ընդգծվել է երկկողմ դիվանագիտական առաքելությունների բնականոն գործունեության վերականգնման ուղղությամբ հետագա աշխատանքի կարևորությունը: Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կառուցողական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ընդլայնվող հարցերի շուրջ կշարունակվի»,- փոխանցում է պաշտոնական Մոսկվան։
ՌԴ արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը հանդիպման ժամանակ հաստատել են հակամարտությունների խաղաղ կարգավորման և համագործակցության վերականգնման նկատմամբ փոխադարձ պատրաստակամությունը, այդ թվում՝ տնտեսական ոլորտում։
Ռուբիոն լրագրողների հետ զրույցում ասել է, որ քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորման նոր տարբերակները, ապա հավելել, որ փոքր-ինչ հիասթափություն կա ուկրաինական հարցում առաջընթացի պակասից։