Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն «ամոթալի» և «դատապարտելի» է անվանել ՀՀ Ազգային ժողովում և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվողը։
Նա նշել է, որ շուրջ վեց տարի Հայաստան չի այցելել, վերջին օրերին մտածում էր հայրենիք ժամանելու և ստեղծված փոթորիկը հանդարտեցնելու մասին, սակայն խորհրդարանում և սոցիալական ցանցերում շարունակվող «անմակարդակ, բարոյական, հոգևոր ու ազգային արժեքներին խորթ արտահայտությունները, ինչպես նաև ձերբակալություններն» իրեն չեն ոգևորում ժամանել հայրենիք։
«Ամո՛թ է, հազա՜ր ամոթ, մեր սիրելի հայրենիքի՝ Հայաստանի կյանքում ստեղծված ներկա վատառողջ ու ապազգային մթնոլորտը։ Դժբախտաբար, հայերեն լեզվի բառերը բավարար չեն նկարագրելու իմ ցավը։ Հատկապես վերջերս ձևավորված մթնոլորտը մեր ազգի երկու ազգակերտ ու հայրենակերտ կառույցներում՝ Սուրբ Էջմիածնում ու Ազգային Ժողովում, ինձ համար խորապես ամոթալի ու դատապարտելի են»,- ասել է նա։
Արամ Ա-ն հանձնառություն է հայտնել «որևէ ժամանակ գալ հայրենիք» և Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու այլ պատասխանատուների հետ խորհրդակցել, որպեսզի «հնարավոր լինի ստեղծված ծանր իրավիճակից Հայաստանը դուրս բերելու հարմարագույն լուծումներ որոնել»։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նաև նշել է, որ եկեղեցու կամ այլ կազմակերպության մեջ կարող են լինել բացթողումներ, բայց դրանք պետք է քննարկվեն հանգիստ մթնոլորտում։
Այսօր ավելի վաղ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո խորհրդարանում վեճ և կռիվ էր տեղի ունեցել։ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Վահե Ղալումյանը փորձել էր հարձակվել Սարգսյանի վրա, երբ նա պատրաստվում էր լքել նիստերի դահլիճը։
Հայաստանի խորհրդարանը հուլիսի 8-ի նիստում քննարկել էր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Նա մեղադրվում է «ահաբեկչության նախապատրաստման և իշխանության զավթման» մեջ, որի գործով անցնում են նաև արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը և ևս 15 անձ։
Մայիսի 29-ից սկսած Փաշինյանը սոցիալական ցանցերում հայհոյանքներով լի մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։ Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական խմբակի կողմից», հավելելով, որ պատրաստվում է Վեհարանի «ազատագրումն առաջնորդել անձամբ»։
Իրավապահ մարմինները հունիսի 25-ի և 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Գալստանյանին ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչպես նաև ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման 14 աջակցի։ Աջապահյանը մեղադրվում է իշխանության բռնազավթման հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ, իսկ Գալստանյանը և շարժման աջակիցները՝ պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու։ Բոլոր կալանավորվածները չեն ընդունում մեղադրանքը: