Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իրանցի պաշտոնակցի՝ Աբբաս Արաղչիի հետ ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը դատապարտել է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի տարածքի դեմ իրականացված ռազմական հարվածները, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Լավրովը նշել է, որ այդ հարվածներն իրականացվել են ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ։
«Այդ հարվածները ներառում են նաև երկրի ատոմային էներգետիկ ենթակառուցվածքների ռմբակոծություն, որոնք գտնվում են ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ներքո»,- նշված է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ։
Մոսկվան հայտարարել է փոխընդունելի լուծումների որոնմանը նպաստելու պատրաստակամության մասին:
ԲՐԻՔՍ երկրների ղեկավարները ևս իրենց եզրափակիչ հռչակագրում դատապարտել են Իրանի դեմ հունիսյան հարվածները: Նրանք մտահոգություն են հայտնել քաղաքացիական ենթակառուցվածքների և միջուկային օբյեկտների դեմ ուղղված հարվածների կապակցությամբ։
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ ԱՄՆ-ն հունիսի 22-ն, իր հերթին, հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 23-ի ուշ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։ Մեկ օր անց՝ հունիսի 24-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Թեհրանի և Թել Ավիվի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։