ՀՀ խորհրդարանն արտահերթ նիստում ընդունել է «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին» հայտարարության նախագիծը, որը նախկինում հաստատվել էր Պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի կողմից։
Նախագծի վերաբերյալ հիմնական զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ներկայացնելով նախաձեռնությունը, նշել է, որ Հայ Առաքելական եկեղեցուն Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու և ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակումներին ներգրավելու փորձերն անընդունելի են։
«Վեհարանը պետք է ազատվի եկեղեցական հոգևոր մթնոլորտը խաթարող անձանցից, իսկ եկեղեցին պետք է վերադառնա իր բուն առաքելությանը՝ հավատացյալների հոգևոր կարիքների սպասարկմանը»,- նշել է նա։
Հայտարարությունը նաև պարունակում է քաղաքական ուժերից պահանջ՝ դատապարտել «ահաբեկչական հարձակման փորձը, ինչպես նաև ռազմական հեղաշրջման կամ սահմանադրական կարգն այլ բռնի միջոցներով տապալելու բոլոր կոչերը»։
Իշխող խմբակցության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի նախկին ղեկավարների և նրանց համախոհների կողմից ահաբեկչությունն արդարացնելու կամ աջակցելու մասին հայտարարությունները չափազանց մտահոգիչ և անընդունելի են։
«Նրանք քաղաքական պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների համար։ Որևէ պատճառ կամ նեղ քաղաքական նպատակ չի կարող արդարացնել զինված խմբեր ստեղծելու, զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր կուտակելու, ինչպես նաև երկրում սահմանադրական կարգը տապալելու ծրագրերը»,- նշել է նա։
Արտահերթ նիստին չի մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը։ Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարությունն անվանել էր «միջամտություն իրավապահ մարմինների աշխատանքին», իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը շեշտել էր, որ մտադիր չեն մասնակցել «իշխանությունների կողմից կազմակերպված քարոզչական շոուներին»։