ԱԺ-ն 61 կողմ, 26 դեմ, 1 ձեռնպահ ձայնով ընդունեց Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու նախագիծը։
Նախագծի համաձայն՝ քաղաքացիները 15 000 դրամով կտուգանվեն հանրային տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու կամ մեկ այլ քաղաքացու տոմսն օգտագործելու դեպքում։ Իսկ եթե ուղևորն ունի արտոնություն կամ ամսական վճարով միասնական տոմս, սակայն չի վավերացնում իր ուղևորությունը տրանսպորտային միջոցում, նախատեսվում է 3000 դրամ տուգանք։
Տուգանքները չեն կիրառվի, եթե վալիդատորները տեխնիկական պատճառներով չեն ընդունում վճարումը։
Ազգային ժողովի տարածքային կառավարման, գյուղատնտեսության և ՇՄ պահպանության մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել տրանսպորտից առանց վճարման օգտվողներին վարչական պատասխանատվության ենթարկելու՝ տուգանելու նախագծին։
Փետրվարի 1-ից Երևանում գործում է մեկ ուղևորության համար 150 դրամ տրանսպորտային սակագին։ Սկզբում իշխանությունները նախատեսել էին, որ տոմսերի փաթեթի նվազագույն արժեքը կլինի 300 դրամ։ Այս որոշմանը դեմ էին հանդես եկել Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը և «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը, որոնք փետրվարի 1-ից նախաձեռնել էին բոյկոտ։
Փետրվարի 11-ին Երևանի ավագանին ընդլայնել էր տրանսպորտային արտոնություններից օգտվող քաղաքացիների շրջանակը։ Մարտի 27-ին կառավարությունը հավանություն էր տվել նախագծին, որով Երևանում տրանսպորտային ծառայությունից առանց վճարման օգտվողները կտուգանվեն սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Ներկայում նվազագույն աշխատավարձը կազմում է 75 000 դրամ։