Իրանը պատրաստ չէ այլևս բանակցել Միացյալ Նահանգների հետ, քանի դեռ Իսրայելի ագրեսիան շարունակվում է, NBC news-ի հետ զրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
Նա շեշտել է, որ Իսլամական Հանրապետության համար այժմ դժվար է վստահել ԱՄՆ-ին, քանի որ Իսրայելն ավիահարված է իրականացրել Իրանի վրա ընդամենը մի քանի օր առաջ: Այդ հարվածից օրեր անց էլ նախատեսված էին ԱՄՆ-ի հետ բանակցությունները:
Լրագրողի հարցին, թե արդյոք հնարավո՞ր է երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի հետ գործարքի հասնել, ինչպես նշել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Արաղչին պատասխանել է, որ ամեն ինչ կախված է Թրամփի վարչակազմից:
Նա նաև կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնը գուցե իրականում հետաքրքրված չէ դիվանագիտությամբ, և բանակցություններն օգտագործել է Իսրայելի սպասվող հարձակումը քողարկելու նպատակով:
«Գուցե սա էր նրանց պլանը, և բանակցությունները պարզապես օգտագործվել են։ Մենք այլևս չգիտենք՝ ինչպե՞ս կարելի է վստահել։ Այն, ինչ տեղի ունեցավ, դիվանագիտական դավաճանություն էր»,- հավելել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ Պաշտոնական Երևանը դատապարտել էր Իսրայելի միակողմանի հարձակումն Իրանի վրա։ Երկու կողմն էլ հայտնել է զոհերի և բազմաթիվ տուժածների մասին: