Փարիզի դատարանը ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեին դատապարտել է 18 ամսվա պայմանական ազատազրկման, հայտնում է France24-ը։
Նա մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգությունների գործով՝ «Կանաչ փեղկեր» ֆիլմի նկարահանման հրապարակում նրա հետ աշխատած երկու կանանց՝ Ամելիի և Սառայի դեմ առաջադրված մեղադրանքներով։
Բեմադրող նկարիչ Ամելին պնդել է, որ 2021 թվականի սեպտեմբերի 10-ին Դեպարդիեն սկզբում կոպիտ դիտողություններ է արել իրեն, ապա «դիպչել է իր գոտկատեղին, որովայնին և կրծքին», նախքան անվտանգության աշխատակիցներն օգնության են հասել։ Կինը դերասանի դեմ բողոք է ներկայացրել Փարիզի դատախազություն՝ «սեռական բռնության, ոտնձգությունների և սեքսիստական վիրավորանքների» համար։
Սառան, որը «Կանաչ փեղկեր» ֆիլմի ռեժիսորի օգնականներից մեկն էր, պնդել է, որ 2021 թվականի օգոստոսի 31-ին Դեպարդիեն «երկու անգամ դիպել է իր մարմնի տարբեր մասերին»։
Դերասանը ներկա չի գտնվել դատական նիստին։ Որոշումը կայացնելիս դատարանը հաշվի է առել նրա տարիքը, առողջական վիճակը և վիճարկվող փաստերը, սակայն որոշել է նրան ներառել սեռական հանցագործություններ կատարած անձանց գրանցամատյանում։ Դեպարդիեն նաև երկու տարով զրկվել է քաղաքացիական իրավունքներից։
Դերասանին նշված մեղադրանքով ձերբակալել էին 2024-ի ապրիլի 29-ին, ազատ էին արձակել ապրիլի 30-ին։ Դեպարդիեն չի ընդունում իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները։