Ֆրանսիացի աշխարհահռչակ թավջութակահար Մարկ Դրոբինսկին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կներկայացնի յուրօրինակ համերգային ծրագիր, հայտնում է տուն-թանգարանը։
Համերգը տեղի կունենա մայիսի 12-ին՝ ժամը 19:00-ին։ Կհնչի հայտնի կոմպոզիտորների հրաշալի ստեղծագործությունների բացառիկ ընտրանի։
Երեկոյի ծրագրում ընդգրկված կլինեն Մաքս Բրուխ՝ «Կոլ Նիդրեի» 47-րդ ստեղծագործություն թավջութակի և դաշնամուրի համար, Սեզար Ֆրանկ՝ Սոնատ, Մոիզեյ Վայնբերգ՝ Սոնատ մենանվագ թավջութակի համար, Միխայիլ Կոկժաև՝ Պավանե (նվիրված Մորիս Ռավելին):
Դաշնամուրային մասը կկատարի երիտասարդ դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Աստղիկ Ղուկասյանը։ Ընդմիջման ընթացքում հանդիսատեսին հնարավորություն կտրվի ուսումնասիրել տուն-թանգարանի ցուցասրահները։ Տոմսի արժեքը 3000-5000 դրամ է։
Դրոբինսկին Մոսկվայի կոնսերվատորիայում Մստիսլավ Ռոստրոպովիչի ուսանողն էր։ Մյունխենում կայացած կամերային անսամբլների միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի։ Իր խելահեղ կատարողական ոճի, հուզականության և խառնվածքի համար քննադատները Դրոբինսկուն անվանում են «թավջութակի դև»։ Նրան դասում են Պաբլո Կասալսի և Մստիսլավ Ռոստրոպովիչի շարքին։ Նա հավասարապես հաջողությամբ մեկնաբանում է թե՛ դասական, թե՛ ժամանակակից երաժշտությունը, ոգևորությամբ և հաճույքով ունկնդիրներին ծանոթացնում իր ժամանակակիցների երաժշտությանը՝ Շնիտկեի, Գուբայդուլինայի, Կաուֆմանի, Դոֆմանի։